Հայերի վիճակը XIX դարի վերջում — XX դարի սկզբումԽմբագրել

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Կոստանդնուպոլսում(Ստամբուլ), որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին «միլեթ» (կրոնական–ազգային համայնք)` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։ Օսմանյան պետական ապարատը և բանկային համակարգի զգալի հատված վարում էին հայերը և հույները։ Նրանց մշակութային ավելի բարձր մակարդակը և աշխատասիրությունը հաճախ առաջացնում էր մուսուլման բնակչության նախանձը։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո պատմական Հայաստանի մի մասը ՝ Կարսը և նրա շրջակայքը, անցավ Ռուսաստանին։ Այդ պատերազմը եզրափակող Բեռլինի դաշնագրիկետերից մեկը (61-րդ հոդված) վերաբերվում էր հայերին. սուլթանական կառավարությունը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանի տարածքում բարեփոխումներ իրականացնել՝ բարելավելով այնտեղ հայ բնակչության վիճակը։ Սրանով Հայկական հարցըդառնում է միջազգային դիվանագիտական խնդիր, ինչը որոշակի սպասումներ և ոգևորություն է առաջացնում հայերի շրջանում։

Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ II-ը (1876 – 1908) Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները չեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։